Մեր հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ
«ԵԹԵ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻ ԼԱՎ «ՔԼՆԳԵԼ», ԻՆՉՈ՞Ւ ՀԱՃՈՒՅՔ ՉՍՏԱՆԱԼ»
-ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում ընդունեց Լեզվի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները և...
-Դեռ առաջին ընթերցմամբ: Ի սկզբանե հասարակության մեջ, քաղաքական դաշտում, մտավորականության, մասնագետների, լրագրողների մեջ բավականին հաստատուն մոտեցում որդեգրվեց, որը ես չեմ կարողանում հասկանալ: Բարձրացված աղմուկը բոլորովին համահունչ չէր օրինագծին ու նրա դեմ ծավալված պայքարին: Մի քանի գործոններ խառնվեցին` անձնական հարաբերությունների, ներքաղաքական խնդիրների, իրենց տեսակետն ամեն գնով առաջ տանելու ցանկության: Ովքեր Արմեն Աշոտյանին երբևիցե ինչ-որ բան ունեին ասելու, այս օրինագիծը դարձրին առիթ: Կառավարության նախագիծն էր, և եթե հնարավոր է մի լավ «քլնգել», ինչո՞ւ հաճույք չստանալ: Բայց, իհարկե, կար նաև անկեղծ մտահոգություն` նույն քաղաքական դաշտում, մտավորականների շրջանում, լրագրողների մեջ, որը բնական էր: Ի վերջո, մենք այն սերունդն ենք, որ ականատեսն ու մասնակիցն է անկախության վերահաստատման և Լեզվի մասին օրենքի ընդունման, որը համոզված է, որ Հայաստանում կրթությունը պետք է հայալեզու լինի: Եթե Հայաստանում հանրակրթական դպրոցների կողքին գործեն մի քանի մասնավոր դպրոցներ միջազգային չափորոշիչներով, որևէ բան Հայաստանում կտուժի՞: Եթե որևէ պետություն ուզենա միջպետական համաձայնագրով համատեղ դպրոց բացել ավագ դասարաններում, դրանից առավել ևս ոչ ոք չի տուժի: Այո, լեզվամտածողությունը մեզ համար շատ կարևոր է որպես արժեք, դիմագիծ, մեր ինքնության կարևոր գործոններից մեկը, բայց մենք ունենք մեր մշակույթը, գիտությունը, քաղաքականությունը հստակ և բարձր մակարդակով ներկայացնելու անհրաժեշտություն: Ասում են, որ հանրակրթական դպրոցներում ուսուցման մակարդակը պետք է բարձրացնել, համաձայն եմ, բայց երբեք էլ մասնավոր դպրոցների գոյությունը դրան չի խանգարի: Այս օրենքի շուրջ բարձրացված աղմուկը փոթորիկ էր մի բաժակ ջրում: Մասնավոր դպրոցներում կարող են նաև օտարազգի երեխաներ սովորել` ինչո՞ւ ոչ, ինչպես մեր երեխաները սովորում են այլ երկրներում, գուցե սփյուռքից են հայ երեխաներ գալիս, ի՞նչն է վատ: Ի վերջո, կա նաև սոցիալական փաթեթ, եթե երեխան շատ շնորհալի է, մրցույթով կարող է սովորել, եթե վճարունակ չէ:
-Օրինագիծը դարձավ դասագիրք` ինչպես սայթաքել ուղիղ ճանապարհին: Չե՞ք կարծում, որ ի սկզբանե օրինագիծն ուներ այդ նպատակը` շեղել հասարակության ուշադրությունը քաղաքական ու սոցիալական խնդիրներից բոլորովին այլ ուղղությամբ:
-Բացարձակապես ոչ, դեռևս ստեղծման ժամանակ ես տեղյակ եմ եղել նախագծի նպատակներին ու խնդիրներին: Գուցե ի սկզբանե հանգիստ վերաբերվեցինք` մտածելով, որ վնասաբեր տարրեր չունեցող օրինագիծ է, գուցե թերագնահատեցինք այն մարդկանց, ովքեր հրապարակային, ոչ հրապարակային ուղղորդում էին օրենքի դեմ պայքարը: Այս ամենի մեջ նաև դրականը կա: Եթե հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր անկեղծորեն իրենց տեսակետներն են պաշտպանում, մի քիչ էլ անթույլատրելի վարքագիծ են դրսևորում, ուրեմն անտարբեր չեն, մտահոգ են:
-Գուցե օրինագիծն ի սկզբանե բավարար չլուսաբանվեց, հասարակությանը ներկայացվեց ոչ թե բուն տեքստը, այլ ով ինչ է կարծում:
-Համաձայն եմ, ոմանց համար դա փայլուն առիթ էր իրենց անձը ներկայացնելու, իրենց գոյությունը հիշեցնելու ու հայրենասիրություն խաղալու համար:
-Ի՞նչ դժվար էր կառավարության համար, կայքում տեղակայելուց բացի, օրենքը տպագրել թերթերում, թեկուզ իբրև գովազդ:
-Կառավարությունը վարվեց սովորական ընթացակարգով, մամուլն ու լրատվությունը քննարկումները տարան այն ուղղությամբ, որն ավելի հեշտ էր` ոչ թե օրենքի մասին, այլ օրենքի շուրջ: Տրորված ճանապարհով` էժան պոպուլիզմի, ազգային-ազատագրական պայքարի հունով: Առիթներ են եղել զրուցելու «ոչ»-ի կողմնակիցների հետ, զրույցից հետո շատ մտահոգություններ փարատվել են, որովհետև հիմնականը մեկ մտայնություն է` ազգը քանդեցին, լեզուն ծախեցին, իմ երեխան այլևս հայկական դպրոցում չի սովորելու:
«ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻՆ ԿՈՉ ԱՆԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԲՈՒՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է ԴՆՈՒՄ ԱՐՎԱԾ ՈՒ ՉԱՐՎԱԾ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ»
-Ձեր կարծիքով` միջազգային կազմակերպությունները Չայլուի դեպքերին համարժե՞ք արձագանք տվեցին:
-Ես կարծում եմ, որ ոչ: Միջազգային կազմակերպություններն իրենց հայտարարությունները տեղավորեցին ընդունված ստանդարտների մեջ: Հավասարակշռության սկզբունքին տրված տուրք էր դա: ԵԱՀԿ ԽՎ-ում, ԵԽԽՎ-ում, այլ կառույցներում կարծում են, որ իրենց ոճը պետք է պաշտոնական, զուսպ լինի: Նրանք միշտ էլ իրենց կոչերն ուղղել են երկու կողմին էլ: Բայց հայկական կողմի բառապաշարում չի եղել ատելության քարոզ Ադրբեջանի ու ադրբեջանցիների նկատմամբ: Չայլուի միջադեպի պարագայում երկու կողմերին կոչ անելը նույնիսկ վնասակար է բուն գործընթացին, որովհետև հավասարության նշան է դնում արված ու չարված արարքների միջև: Ելնելով ՀՀ արտգործնախարարի խոսքերից` կարծում եմ, գնահատականները փոխվում են և միջազգային կազմակերպություններում, այնուամենայնիվ, կա ճիշտ ընկալում` ո՞վ է մեղավորը, ո՞վ է նախահարձակ լինողը, ո՞վ է պատասխանատվություն կրողը:
-ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն, ՆԱՏՕ-ն գուցե կարող են նման հայտարարություններ ընդունել, բայց երբ նման հայտարարություն են անում Մինսկի խմբի համանախագահները, որ, ավելի քան որևէ մեկը, տեղյակ են իրավիճակին, անհասկանալի է դառնում նրանց հայտարարության ստանդարտը:
-Նրանք ցանկանում են հավասարակշռված և զուսպ մնալ, որ ավելորդ լարվածություն չառաջանա, և չխանգարեն կարգավորման գործընթացին: Բայց կարծում եմ` բոլորն էլ հասկացան, որ եթե որևէ հանցագործություն մնում է անպատիժ, ծնում է ավելի մեծ հանցագործություններ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը, իրենց իսկ բառերով, հիմնականում կրկնում էր Ակվիլայում ընդունած փաստաթուղթը:
-Դրական: Կարծում եմ, որ դա կարևոր քայլ էր` ի թիվս այլ սկզբունքների ևս մեկ անգամ հստակ նշված էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` վերջնական կարգավիճակը որոշվում է իրավական ուժ ունեցող կամահայտնությամբ: Կարծում եմ, ի վերջո դա կկարդան նաև Ադրբեջանում, և Ադրբեջանի հասարակությունն էլ կփորձի հասկանալ, որ իր ղեկավարությունն իրեն գցել է մոլորության մեջ կամ ցանկությունը փորձել է իրողության տեղ դնել: Ի վերջո` աշխարհի տեսակետը սա է: Եթե Պետերբուրգում խոսվել է այս ամենի մասին, հասկանալի է` ինչո՞ւ Ալիևը դիմեց այդ արկածախնդրությանը: Չայլուով նա արտահայտեց իր վերաբերմունքը առաջարկություններին:
-Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանում հայտարարությունից կհասկանան միայն այն, որ «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն:
-Եթե Ադրբեջանի շարքային քաղաքացին ամբողջությամբ կարդա հայտարարությունը, կհասկանա այն` ինչ հայտարարված է: Ի վերջո, վաղուց է ակնհայտ, որ այս փողոցը միակողմանի երթևեկությամբ չէ: Չե՞ն հասկանա, որ ինքնորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում 20 տարվա պայքարից հետո անհնար է, վերադարձ չկա ելման դրություն:
-Կարո՞ղ ենք համարել, որ 3 նախագահների հայտարարությունը անուղղակի պատասխանն է Չայլուի միջադեպին:
-Անուղղակիորեն` այո: Հայտարարության մեջ մեծ կոնկրետութուն կա լուծումների տեսակետից: Եթե դա արված է համանախագահ երկրների նախագահների հայտարարության ձևաչափով, ուրեմն և՛ Չայլուի դեպքերի, և՛ Ադրբեջանի ռազմական սպառնալիքների պատասխանն է տրվում, և ուրվագծում է մինչև հիմա կատարված ու կատարվելիք աշխատանքները:
«ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԸ»
-Վերջերս շատացել են պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները: Դա ռազմակա՞ն սպառնալիք է, թե՞ տեղեկատվական պատերազմի բաղկացուցիչ մաս:
-Նորություն չեմ ասի, եթե հիշեցնեմ, որ երբեք չպետք է բացառենք պատերազմը: Պատերազմից խուսափելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստ լինելն է: Այս պահին, իհարկե, դա այնքան էլ իրատեսական չէ, ինչքան էլ տաքգլուխներ լինեն Ադրբեջանում, ինչքան էլ ոգևորված լինեն մի քանի տանկերի կամ ինքնաթիռների թարմ տեսքից: Ի վերջո, նրանք հասկանում են, որ կռվողը զինվորն է, իսկ հայ զինվորին նրանք ծանոթ են. հազիվ թե անցած 10-15 տարում մոռացել են: Ի վերջո, եթե Ադրբեջանը փորձում է հարցը պատերազմի միջոցով լուծել, հակադրվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ուրեմն և Եվրամիության տեսակետներին:
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԻՄՅԱՆՑ ՀԱՍԿԱՆԱՆ»
-Հայտարարության մեջ նախագահները նաև հանձնարարում են իրենց համանախագահներին աջակցել խաղաղության համաձայնագրի մշակմանը, Ձեր կարծիքով` ե՞րբ է այդ համաձայնագիրը կնքվելու:
-Ադրբեջանի նախագահի վերաբերմունքից, նրանց քարոզչամեքենայի աշխատանքից կարելի է կռահել` Ադրբեջանը կընդունի՞ սա, կգնա՞ այդ ճանապարհով, թե՞ կշարունակի շանտաժի և բոյկոտի մեխանիզմը: Այդ պարզելուց հետո կարելի է տեսակետ արտահայտել:
-Իսկ հայկական կողմը պատրա՞ստ է:
-Հայկական կողմն այն կարծիքին է, որ այդ ուղղությամբ կարելի է աշխատել: Մադրիդյան սկզբունքները հայկական կողմը համարել է բանակցային գործընթացի հիմք, և եթե խոսում ենք պետերբուրգյան առաջարկների մասին, այդ սկզբունքների շրջանակներից դուրս չենք գալիս:
-ՀՀ նախագահը Գերմանիայում նաև այդ մասին խոսեց: Նրա ելույթը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում տալի՞ս էր այդ հարցերի պատասխանները:
-Հանրապետության նախագահի ելույթը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում բազմաբովանդակ էր և արժանի լուրջ ուսումնասիրության: Խնդիրը վերաբերում էր ոչ միայն տարածաշրջանի անցյալին ու ներկային, այլև ուղղված էր ապագային: Սերժ Սարգսյանը բացահայտ ասում էր, որ բաժանարար գծեր, գերտերությունների հակասությունների մեջ շահեր փնտրելը, միայն սեփական պետության շահը առանձնացնելով` հարևան պետությունների շահերն անտեսելով, տարածաշրջանային խնդիրները կայուն ու մնայուն չեն լուծվի: ՀՀ նախագահը շեշտեց, որ տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի շահերը պետք է հաշվի առնվեն և իմաստ չունի պահի հնարավորություններից օգտվելով կարճաժամկետ մարտավարություններ կառուցել. դրա դրական էֆեկտը չի կարող մշտական լինել: Ամենակարևորը համագործակցությունից հակամարտությունների լուծում գաղափարն է, հասարակությունները և տարածաշրջանի ժողովուրդները պետք է միմյանց հասկանան, թշնամու կերպարից, փոխադարձ ատելությունից ձերբազատվեն, և այդ ժամանակ ոչ միայն Ղարաբաղի հարցը կլուծվի, այլև տարածաշրջանի շատ խնդիրներ կվերանան: Նախագահի խոսքն ուղղված էր քաղաքական, պետական գործիչներին, փորձագետներին և, ամենից շատ, ժողովուրդներին: Ես կարծում եմ` դա բանալի է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը և զարգացումները հասկանալու համար: Կարծում եմ նաև, որ լրիվ ընկալելի էր Եվրոպայի համար, որովհետև իրենց իսկ անցած ճանապարհի փորձի հիման վրա էր ասված:
«ՊԵՏՔ ՉԷ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅԱՆ ՄԱՍ ԴԱՌՆԱԼ»
-ԵԽԽՎ նստաշրջանում շրջանառության մեջ դրվեց Հայաստանի պարտավորությունների չկատարման մասին օրինագիծ: Համաձա՞յն եք հոլանդացի պատգամավորի գնահատականին:
-Պարբերաբար են նման հայտարարություններ հնչում, բանաձևերի նախագծեր շրջանառվում: Կարծես ԵԽ տարբեր պատգամավորներ միանգամից խիստ մտահոգվել են Հայաստանում ժողովրդավարության, մարտի 1-ի իրադարձությունների, այլևայլ հարցերով: Ամեն մեկն իրեն պարտավորված է համարում իր տեսակետն արտահայտելու: Ես բացարձակապես հեռու եմ այն մտքից, որ նրանք, իրոք, մտահոգ են Հայաստանի ժողովրդավարության վիճակով: Հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմտցիգտը օգտագործում է մի խումբ երիտասարդների, նաև լրագրողի ձերբակալության դեպքը այնպիսի մանրամասներով, որ կարծես ականատես է եղել: Իհարկե, այդ երիտասարդներն իրենց խնդիրը փայլուն լուծեցին և իրենց ուզածին հասան, բայց միջազգային կազմակերպությունում ընդունված ցանկացած որոշում վերաբերում է ոչ միայն Հայաստանի իշխանությանը, այլև Հայաստանի Հանրապետությանը: Պետք չէ հինգերորդ շարասյան մաս դառնալ, որ այլազգի պատգամավորները հնարավորություն ունենան ցինիկության դաշտ մտնելու: Ավելի ճիշտ կլիներ, որ պարոն Պիտեր Օմտցիգտը խոսեր սեռական փոքրամասնությունների, կենդանիների իրավունքների մասին, ինչն այնպես ընդունված է իր երկրում, քան սպառնալիքներ տեղար հեռու Հայաստանի վրա` խոստանալով իր քայլերով անակնկալի բերել Հայաստանի իշխանությանը:
-Իսկ գուցե հինգերորդ շարասյան մաս են հայ ոստիկաննե՞րը, որ իրավիճակին ոչ ադեկվատ քայլեր են անում:
-Համաձայն եմ: Ես միշտ ասել եմ` ոստիկանությունը պետք է գործի բացառապես օրենքի շրջանակներում, որովհետև գործ ունի պրոֆեսիոնալների հետ։
«ԴԱՏԱՎՈՐՆ ԱՅՆՊԻՍԻՆ Է, ԻՆՉՊԻՍԻՆ Է ՔՈ ԱՇԽԱՐՀԸ»
-Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը նայո՞ւմ եք:
-Այո:
-Ո՞վ է դառնալու չենպիոն:
-ՈՒզում եմ Արգենտինայի հավաքականը դառնա, որ ամենագեղեցիկ խաղն է ցուցադրում, բայց ֆուտբոլն անկանխատեսելի է:
-Չե՞ք կարծում, որ մրցավարները չափազանց հաճախ են դառնում 12-րդ խաղացող, և դա պետք է կանխել:
-Գուցե, ովքեր դատելու իրավունք ունեն, գործում են որոշակի կանոնների շրջանակներում, բայց օբյեկտիվ երևույթների գնահատականը տալիս են սուբյեկտիվ: Դատավորն այնպիսին է, ինչպիսին է քո աշխարհը:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ